Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սկսվում են կիսաեզրափակիչ խաղերը

Սկսվում են  կիսաեզրափակիչ խաղերը
06.06.2014 | 12:06

ՈՒիլյամս քույրերի, Լի Նայի, Ագնեշկա Ռադվանսկայի, Անա Իվանովիչի, Կարոլինա Վոզնյացկու անհաջողություններից հետո նշանավոր «Ռոլան Գարոսում» անհավանականորեն մեծացել են համաշխարհային վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականում գտնվող Մարիա Շարապովայի հնարավորությունները: Ռուս թենիսիստուհին իր վերընթացը շարունակեց նաև մեկ քառորդում: Չնայած առաջին սեթի անհաջողությանը (1:6)՝ հաջորդ երկուսում Շարապովան կարողացավ առավելության հասնել Գարբին Մուգուրուսի նկատմամբ (7:5, 6:1) ու վստահ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցն է նախօրեին նույնպես հաղթանակ տոնած Էժենի Բուշարը: Երիտասարդ կանադուհին այդ հնարավորությունը ստացել է Կառլա Սուարես-Նավարոյին վճռական սեթում 7:5 հաշվով հաղթելուց հետո:
Քառորդ եզրափակչի մյուս երկու մրցակցությունում ուժեղագույն կոչվելու իրավունքը վիճարկեցին Սվետլանա Կուզնեցովա-Սիմոնա Հալեպ, Սառա Էրանի-Անդրեա Պետկովիչ զույգերը: Առաջինում հաղթեց ռումինուհին, երկրորդում՝ Գերմանիան ներկայացնող Պետկովիչը: Երկուսում էլ գրանցվել է նույն հաշիվը (6:2, 6:2):
Տղամարդկանց մրցավեճում Ռաֆայել Նադալն առաջին սեթում զիջելուց հետո հաջորդներում անցավ ակտիվ գործողությունների ու հաղթեց ընդհանուր 3:1 հաշվով (4-6, 6-4, 6-0, 6-1): Ի դեպ՝ Դավիդ Ֆերերի հետ մրցակցությունն առաջինն էր, որտեղ իսպանացին առաջին անգամ չհաղթեց «չոր» հաշվով:
Հայրենակցի հետ դիմակայությունը հետաքրքրական էր նաև մեկ այլ առումով: Նույն մրցաշարի անցած տարվա եզրափակչում, ինչպես հայտնի է, հենց Ֆերերն էր, որ նրան զրկեց հերթական անգամ պատվավոր տիտղոսը ձեռքերում պահելու հաճույքից: Ինչ վերաբերում է Գաել Մոնֆիս-Էնդի Մարեյ դիմակայությանը, այստեղ էր որոշվում, թե ով է դառնալու իսպանացու մրցակիցը: Խաղը շարունակվեց ամբողջ հինգ սեթ՝ այդ իրավունքը վերապահելով Մարեյին: Բրիտանացին վճռականում անխոցելի էր՝ 6:0:
Փուլի հաջորդ զույգերը կազմել էին Միլոշ Ռաոնիչն ու Նովակ Ջոկովիչը, Թոմաս Բերդիխն ու Էռնեստ Գուլբիսը: Փայլուն մարզավիճակում գտնվող Ջոկովիչը բնականաբար շանսեր չթողեց կանադացուն (7:5, 7:6 (7:5), 6:4), իսկ Գուլբիսն իր առավելությունը հաստատեց երեք սեթում (6:3, 6:2, 6:4)՝ հնարավորություն ստանալով կիսաեզրափակչում մրցելու սերբի հետ, թեպետ սա այն դեպքն է, երբ, ինչպես ասում են, ավելի լավ էր չլիներ այդ հնարավորությունը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ